Սեպտոմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության տոնը ավանդաբար նշում էր նաեւ Հայոց Համազգային Շարժումը /ՀՀՇ/: Այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀՇ-ն իր համակիրներին եւ հյուրերին հրավիրել էր ոչ թե կուսակցության շենք, այլ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի ամենամեծ սրահը:
Բացի ՀՀՇ վերնախավից, հրավերն ընդունել էին ՕԵԿ-ի, ՀԺԿ-ի, «Ժառանգության», Մարքսիստական կուսակցության, «Հանրապետության» եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները կայացուցիչները, հասարակական, մշակութային գորշիչներ: Այստեղ էին, օրինակ, Օհան Դուրյանը եւ Տիգրան Մանսուրյանը:
Հավաքին, ինչպես գրեթե ամեն տարի, ներկա էր ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը
ՀՀՇ-ում սովորություն կա` սեպտեմբերքսանմեկյան հավաքներին պարտադիր այցելում եւ հավաքվածներին շնորհավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1998թ.-ից հետո, երբ ՀՀՇ-ն հեռացավ իշխանությունից, այս արարողությանը մասնակցող լրագրողները փորձում են հարցազրույց «պոկել» Լեւոն Տեր Պետրոսյանից: Փորձերն այդ, անհաջող են անցնում:
1999թ.-ից, լինելով «Ա1+»-ի լրագրողը, առիթ ունեցել եմ լուսաբանելու ՀՀՇ-ի` Անկախության տոնի առիթով կազմակերպած հրավերքները: Այս անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորեցին դռան մոտ եւ ծափերի ու «Լեւ-ոն, Լեւ-ոն» վանկարկումների ներքո ուղեկցեցին դահլիճ:
Անկախության տոնի առիթով ՀՀՇ-ի կազմակերպած ընդունելությունների ժամանակ մի սովորություն էլ կա` Հայաստանի Հանրապետության հիմնից բացի, հնչում է նաեւ 1988թ.-ի շեփորի երաժշտությունը, որով սկսվում էին այն ժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց հավաքող հանրահավաքները: Շեփորի երաժշտության ընթացքում ներկաները, ինչպես Շարժման տարիներին, ձեռքները վերեւ են բարձրացնում:

Այս անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը համառորեն չէր պատասխանում իրեն ուղղված հարցերին: Իսկ երբ որեւէ լրագրող հաջողացնում էր ընդհուպ մոտենալ նրան, ՀՀ առաջին նախագահը մինչեւ վերջ չէր էլ լսում հարցը` մեջքով էր շրջվում լրագրողների բազղմությանը եւ հեռանում:
Լրագրողներն արդեն հույս չունեին, որ Տեր-Պետրոսյանը կխոսի եւ պատրաստվում էին գնալ կամ միանալ հյուրասիրությունից օգտվող հրավիրվածներին, երբ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, թե «եթե մի քիչ համբերեք եւ հավաքվեք խոսափողի մոտ, անակնկալը, որին սպասում էիք 8-10 տարի, կկայանա»:
Լրագրողները հավաքվեցին, «Խոսք ունի աելու Հայաստանի հանրապետության հիմնադւր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- հայտարարեց Արարատ Զուրաբյանը: Դահլիճը ծափահարեց եւ այս ու այն կողմերից լսվեցին «Լեւ-ոն, նա-խա-գահ» բացականչությունները:
Տեր Պետրոսյանը մոտեցավ խոսափողին եւ խոսեց դահլիճի համար մոտ 10 րոպե: ՀՀ նախկին նախագահի խոսքին սպասում էին բոլորը` հատկապես լսելու համար` նա առաջադրվելու է 2008թ.-ի նախագահական ընտրություններում, թե` ոչ:

«Ես գիտեմ այս երեկոյից դուք ինչ ակնկալիքներ ունեիք: Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել, ես հետեւում եմ այս պրոցեսներին, որոնք ընթանում են: Բոլորս հասկանում ենք, որ բախտորոշ վիճակ է եւ պետք է դուրս գալ սրանից: Բանալին էլ բոլորը ճիշտ են ըմբռնել` այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր առողջ հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ուրիշ ճանապարհ չկա, այս 10 տարվա փորձը ցույց տվեց, որ մյուս ճանապարհները հաջողություն չեն բերում: Ես կողջունեի ցանկացած մեկին, որը կհավակներ այդ միասնական թեկնածուի դերին եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին եւ իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրոցեսին»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու անցավ իր մասին խոսելուն:
«Ինչ վերաբերում է ինձ, ասեմ… Ես այսօր դեռ որոշում չունեմ, ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ, իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել զուտ էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին, մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի:
Կա իհարկե մթնոլորտի փոփոխություն, կա տրամադրությունների փոփոխություն, բայց դա դեռեւս, իմ այսօրվա գնահատականով, ինչպես ասում են, «կոնդիցիա»-ի չի հասել…
… Ասացի, ես դեռ որոշում չունեմ եւ երբ որ որոշում կայացնեմ` այո կամ ոչ, ես համոզված եմ, որ կարող եմ ձեզ տալ իմ բացատրոթյունները, որոնք ձեզ համար կարող են համզիչ լինել»,- իր համակիրներին դիմեց ՀՀ նախկին նախագահը:
Տեր-Պետրոսյանը, ելույթի ընթացքում մի քանի անգամ խոսեց գործող իշխանությունների կոռումպացված լինելու մասին: Նա նաեւ նշեց, որ իր կարծիքով Հայաստանի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի հարցը ինչքան հնարավոր է շուտ լուծելն է:
Եւ եւս մեկ անդրադարձ: Տեր-Պետրոսյանը դժգոհեց «օլիգարխ» բառից: նախկին նախագահը լավ բառեր ասաց նրանց հասցեին, ում ժողովուրդը «օլիգարխ» է անվանում: «Նրանք գործարարներ են եւ մուծում են հարկերը, գուցե ավելի շատ, քան պետք է: Ուղղակի, գիտեք, թե ում գրպանն են մտնում այդ հարկերը»,- ասաց նախկին նախագահը:
Ինչքան էլ, որ Տեր-Պետրոսյանն ասում է, որ դեռ չի կողմնորոշվել, նա, ըստ երեւույթին, փորձում է անվտանգության երաշխիքներ տալ օլիգարխներին եւ նրանց մեսիջ է ուղարկում, թե «իմ հաղթանակի դեպքում ձեր բիզնեսը չի տուժի»:
Tags: elections