Վարչապետը նաեւ տրակտոր է քշում, բայց անհաջող
Սիրելի ընթերցող, մի պահ նորից պիտի քեզ տանեմ ռուսական միջավայր: Երբ ռուս մարդուն, որ վարորդությունից հեռու է, հարցնում ես՝ մեքենա վարել գիտե՞ս, պատասխանում է. «Да, но до первого столба…»: Մեր վարչապետին այդ հասարակ հարցը տվող չեղավ, ու նա սլացավ առաջ՝ կապույտ տրակտորի ղեկը պտտելով: Թե ինչով ավարտվեց մեր վարչապետի այդ սլացքը, շատերն արդեն գիտեն: Լավ էր, որ տրակտորը փոքր էր, մեջը շատ մարդ չկար, և տուժողներ էլ չեղան: Ես հիմա ավելի շատ խղճում եմ այդ կապույտ տրակտորի շուրջը հավաքված լուսանկարիչներին ու օպերատորներին, ում այդպես էլ չհաջողվեց Պուտինին արժանի մի մրցակից պարգևել հայ և համաշխարհային հանրությանը: Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը: Կապույտ տրակտորը, որի մասին այնքան խոսում են, բելոռուսական ծագում ունի, իսկ Բելառուսը, գաղտնիք չէ, գյուղտեխնիկայի արտադրության մեջ մեծ հաջողությամբ մրցակցում է Ռուսաստանի հետ: Հիմա պատկերացրեք Լուկաշենկոյի դեմքը, երբ Մեդվեդևը նրան ասի՝ դա չէ՞ր ձեր տրակտորը, քիչ մնաց Հայաստանի վարչապետին անմահացներ: Բայց, ի պատիվ Տիգրան Սարգսյանի պետք է ասել, որ նա միջազգային սկանդալից խուսափելու ելքը շատ արագ գտավ: Երբ կապույտ տրակտորի վթարից հետո միջազգային դիտորդները, միջադեպից վախեցած, հարցրել էին, թե ի՞նչ եք անում, պարոն Սարգսյան, պատասխանել է՝ հեչ, ամրագոտու աշխատանքն էի ստուգում:
Պատմությունը բավականին ուրախ է ստացվել։ Տխուրն այն է, որ կադրեր չեմ գտնում։ Վարչապետի տրակտոր վարելիս էտ Էքսպոյում պետք է որ վիդեո, ֆոտո անող լրագրողներ ներկա լինեին։ Բայց քար լռություն է։ Վարչապետի վթարային տրակտոավարումը, կարծես, հաջողվել է հասարակության աչքից հեռու պահել։
